Աստղով եկա, լուսնով եկա, մութ եկա,
Դեռ չբացված արշալույսից շուտ եկա,
Յա՛ր, քո ազիզ խաթրիդ համար զուտ եկա,
Ամպի նման՝ գետեր, ծովեր ման գալով:
Բացվի՛ր, առավո՛տ,
Տեսքիդ եմ կարոտ,
Յա՛ր ջան, քո
Արևի՛դ,
Բարևիդ,
Պատկերիդ եմ կարոտ:
Ձնծաղիկով գարնան բույր եմ քեզ բերել,
Վառ աստղիկով սիրո հուր եմ քեզ բերել,
Քո Շահենն եմ, էսօր հյուր եմ քեզ եկել,
Իմ հազարաթել ոսկե քնարով:
Գուսան Շահեն