Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ.
Դառը թախիծ ու վերհուշ —
Անվախճա՜ն երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կվառե խանդ։
Տունս ավեր ու խավար,
Օրս անլույս,
Ո՞վ կվառե ոսկեվառ
Երազ ու հույս...
Վահան Տերյան