Մթնեց իմ հոգում երկինք ու արև,
Ամպեր են դիզվել իմ հոգու վրա.
- Հայրենի՜ երկինք, դու պայծառ մնա,
Արև՛, իմ երկրին հուրհրա հավե՛րժ:
Լռեց իմ սրտում խնդություն ու երգ,
Տխու՜ր են կանչում աղբյուրներս հիմի.
- Հայրենի՜ ջրեր, դուք զվա՛րթ կանչեք,
Դուք կարկաչեցե՜ք, գետե՛ր հայրենի:
Խամրեցին ասես սրտիս դաշտերում
Ծաղիկներն ամեն - երազներս անբիծ.
- Հայրենի՜ դաշտեր, ծաղիկներ սիրուն,
Դուք կանաչեցե՜ք, ծաղկեցե՛ք նորից:
Իմ սիրո բախտը բեկվեց ճամփեքին,
Լալիս եմ հիմի մութ ու սրտաբեկ.
- Երկրիս աղջիկներ, քույրե՜ր իմ անգին,
Ի՛մ բախտավորներ, դուք ծիծաղեցե՜ք:
Ու թե քեզ նայեմ, կապու՜յտ հայրենիք,
Թե աղբյուրներդ կանչե՜ն, կարկաչե՜ն,
Սի՜րտս էլ կժպտա նորից երջանիկ,
Հոգուս ամպե՜րն էլ անհետ կկորչեն...
Ս. Կապուտիկյան