Ա
Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն...
Բ
Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր,
Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի...
Գ
Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
Դ
Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...
ԵՍ ԵՐԳԵԼՈՎ Կ'ՈՒԶԵՄ ՄԵՌՆԻԼ
Ա
Սպասումիս և Հույսիս Քաղցրությանը հետ մինակ էի այդ իրիկուն,
Եվ Փրկության ու Տառապանքի նժարովը` Հայրենիքին բախտը կը կշռեի...
Երբ` հեռակա տանս դուռը, գիշերվան սարսափին մեջեն, ուժգնապես բախեցին.
Եվ ժպտուն` ընկեր մը ներս մտավ, շքեղորեն գեղեցիկ, եղբայրադեմ և ահավոր...
Բ
Երիտասարդ էր: Աչվըներուն կայծը երկնքի աստղերեն էր որ կը ծորեր,
Եվ հասակին ձևերը մարմարներու զորություններեն էր կերտված...
Մտածումը մարդկային արդարության էջերեն հստակորեն ջահավառյալ...
ճակտին վրա իրենց ցավի և բարության ծաղկներն ունեին:
Գ
Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տառապանքեն կը խոսեինք,
Իր ծանրախոհ գլուխը սգավոր կիսաստվածի մը արյունոտ սրտին կը նմաներ...
Նայվածքները նայվածքներուս մեջ, նույն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին...
Եվ մեր տրտում ժպիտները հոգիե հոգի մեղմորեն ճառագայթվեցան:
Դ
Ժամերով լռին էր: Լռին էի: Հիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին...
Եվ լամպարիս կապույտ լույսը, սեղանիս վրան, այլևս արյուններու նման վար կը թորար...
Դժգունեցա ես` ինչպես երազ մը որ առավոտին երևումեն կ'անհետի...
Բայց ինք` հերոսատիպ և հպարտ, ձեռքս ձեռքին մեջ` ոտքի` ինծի ըսավ...
Ե
- "Այս իրիկուն` հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե'ր,
Երիվարս թամբած եմ արդեն` և կյանքի ու կռվի տենդեն` դուռիդ առջևը կը վրնջե...
Եվ տե'ս հասակես վար անբիծ սուրս մերկ է, մերկությամբը գերմարդկային վճիռներուն:
ճակատդ շրթունքիս մոտեցո'ւր... հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե'ր:
Զ
"Եվ դուն սա' մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցավը և ցեղին ուժը բանաստեղծե,
Ապագա սերունդներուն և մեր անցյալին տխրությանն ի նվեր.
Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարյավ, կորուսյալներս փնտռելո՜ւ կ'երթամ...
Քու երգերեդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ'ուզեմ մեռնիլ...":
Սիամանթո