Регистрация   Обратная связь   RSS
 

«    Декабрь 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ՍՈՎ

Ա

1872 թվականի փետրվար ամիսն էր: Արեգակի գունատ ճառագայթները դեռ նոր էին ծագել նորեկ ձյունի վերա, դեռ նոր մինարեթների կապույտ գմբեթները փայլում էին կանաչ գույնով, երբ ուստա Պետրոսը, դուրս գալով յուր տանեն, Սպահանի Ջուղա թաղիցը դիմում էր դեպի բազար:

Գիշերային սառնամանիքից հետո առավոտյան սաստիկ ցուրտը այդ հնամաշ շորերով հագնված մարդուն կարծես ամենևին զգալի չէր: Նորա բոլոր զգայարանքները, սիրտը և հոգին՝ յուրյանց ամբողջ զորությամբ, լարված էին դեպի մի առարկա, որից այնօր կախված էր նորա ընտանիքի մահու և կյանքի վերջին վճիռը, այդ առարկան էր հացը...

Նա գնում էր թույլ և դանդաղ քայլելով, նորա մեջ ամենայն ուժ մարել էր... որովհետև խղճալին, երկրորդ օրն էր, ամենևին հաց կերած չէր...

Այդ տխուր և սարսափելի ժամում նորան լսելի էին լինում լացի և ողբի ձայներ միայն: Նա տեսնում էր, թե որպես սովից մեռնողները դուրս էին տանվում տներից: Նա տեսնում էր և շատ դիակներ, որք անտեր, անխնամ ընկած էին փողոցների մեջ... Նորեկ ձյունը ձգել էր նոցա վերա յուր սպիտակ պատանը...

Այդ այն ժամանակ էր, երբ սովը Պարսկաստանի զանազան քաղաքներում անգութ կերպով տապալում էր յուր սարսափելի հունձքը...

"Ես բախտավոր էի,-- մի օր ասում էր ուստա Պետրոսն ինքն իրան,-- երբ կարողանում էի ամեն օր իմ ընտանիքի հացը ճարել, իսկ այսօր, իմ չքավորության վերջին աստիճանումը, ես տանում եմ բազար միակ բանը, որ պահվում էր մեր աղքատության մեջ որպես սրբություն... Ես երբեք չեմ կարող մոռանալ այն ցավալի րոպեն, երբ այսօր իմ կինս՝ արտասուքն աչքերում, մոտեցավ ինձ ասելով' Տանը ոչինչ չէ մնացել... ամեն ինչ ծախվեցավ... առ այդ մատանին և տար, վաճառե, մի քիչ հաց բեր բազարից, երեխես մեռնում է սովեն... Դողդոջուն ձեռքով տվեց ինձ այդ մատանին՝ այդ միակ հիշատակարանը մեր ամուսնական կյանքի, երբ ես առաջին անգամ նորա մատին դրեցի, երբ նորա կուսական շրթունքները հնչեցին այդ խոսքերը. "Ես սիրում եմ քեզ...":

Այդ տխուր խորհրդածությանց մեջ, գլուխը քարշ գցած՝ գնում էր ուստա Պետրոսը: Երկար նա տանջվում էր այդպիսի մտքերով, մինչև նորա սիրտը բոլորովին թուլացավ, ծնկները դողացին, և նա վեր թողեց յուր մարմինը մի թումբի վերա, որ շինված էր խանութի դռան մոտ, և երկու ձերքով երեսը բռնելով՝ սկսավ դառն կերպով լաց լինել, թեև արտասուքը վաղուց ցամաքել էր նորա աչքերեն...

Այդ ցավալի խռովությունից նորան սթափեցրեց մի ձայն, որ կոչեց.

-- Ուստա Պետրոս:

Նա աչքերը բաց արավ և տեսավ յուր մոտ յուր ծանոթ հարուստ Հաջի Քարիմին:

-- Ի՞նչու եք լաց լինում,-- հարցրուց պարսիկը:

-- Քանի օր է, հաջի, մենք ոչինչ չունենք ուտելու,-- պատասխանեց ուստա Պետրոսը,-- երեխես մեռնում է սովեն, ի սեր աստուծո, առեք այդ մատանին, տվեք ինձ որքան կամիք փող, գուցե կարողանամ փոքր-ինչ հաց առնել բազարեն:

Հաջի Քարիմն առեց նորա ձեռքեն ոսկի մատանին, որո վերա փայլում էր մի գեղեցիկ գոհար, նայեց նորան և հարցրուց.

-- Որքա՞ն արծաթ կամենում եք, որ տամ:

-- Որքան թույլ է տալիս ձեր խղճմտանքը, միայն աղաչում եմ, մի ուշացրեք ինձ:

Հաջին լցրուց նորա ափի մեջ մի թուման սպիտակ փող, և ուստա Պետրոսը առանց համբերելու հեռացավ: Խղճալին տասն դեղին թումանով գնած էր այդ մատանին մի հրեայից:

Նա մի փոքր ոգեվորվելով՝ շտապեցրուց յուր քայլերը և հասավ հացթուխի խանութին, որո բոլորտիքը շրջապատված էր բազմաթիվ ամբոխով:

Խանութի դռները բոլորովին կողպված էին, միայն մի ծակից տալիս էին հաց՝ փողն առնելուց հետո:

Մեծ դժվարությամբ նա կարողացավ պատառել ամբոխը և յուրյան հասցնել ծակին, ուր արծաթը ձեռքում բռնած՝ սկսավ խնդրել, որ նորան ևս հաց տային: Երկար նա վիզը ծռած աղաչում էր, բայց նորա ձայնը լսող չկար...

Հանկարծ նա զգաց յուր գլխին մի սաստիկ հարված. նորա աչքերը սևացան, և լսեց այսպիսի հայհոյանքներ.

-- Տո՛, պիղծ անհավատ, մուսուլմանները մեռնում են սովեն, դու եկել ես նոցա հացը կտրելո՞ւ:

Հարվածքներ հարվածքի ետևից կարկտի նման թափվեցան խեղճ հայի գլխին, և նորան արհամարհանոք դուրս ձգեցին ամբոխի միջեն:

Խղճալի ուստա Պետրոսը բոլորովին անզգա ըկած էր փողոցի ցեխերու մեջ, երբ նորան մոտեցավ մի երիտասարդ պարսիկ և սկսավ նորա երեսին ջուր սրսկել, որ նա սթափվի:

Երիտասարդը ուստա Պետրոսի վաղեմի ծանոթ լոթի Հասանն էր, մի քաջասիրտ սրիկա, որ երբեմն թաքուն գալիս էր նորա տունում գինի խմելու: Նա վեր բարձրացնելով ուստա Պետրոսին, տարավ յուր ծանոթ մի մրգավաճառի խանութ և թողեց նորան այնտեղ, որ հանգստանա, իսկ ինքը տեղեկանալով նորա բազար գնալու պատճառը՝ առավ նորանից արծաթը և գնաց հաց գնելու:

Լոթի Հասանը հայտնի էր ամբողջ Սպահանում որպես մարդասպան և ավազակ: Նորա քաջությունն ամենի վերա սարսափ էր ձգում, իսկ նորա մեծահոգությունը շատերին զարմացնում էր: Նա մոտենալով բազմությանը, ուր ծեծվեցավ ուստա Պետրոսը, իսկույն մերկացրեց յուր ահագին խենջարը. ամբոխը սարսափելով տեղի տվեց նորան, և նա, մոտենալով ծակին, սպառնալի կերպով հրամայեց, որ հաց տան:

Խանութպանը երկյուղից դողալով՝ կատարեց նորա հրամանը: Լոթին առնելով հացերը՝ տարավ ուստա Պետրոսին, որ անհամբերությամբ սպասում էր նորան:

Ուստա Պետրոսը շնորհակալությամբ հեռացավ յուր բարեկամեն և ուրախ-ուրախ սկսավ դիմել դեպի Ջուղա: Մտնելով այն փողոցը, որ տանում էր դեպի յուր տւնը, նա տեսավ հեռվից մի կին, որ առանց չարսավի, հերարձակ վազ էր տալիս: Նա կատաղած, որպես անապատի մատակ առյուծը, որո բունեն խլել էին նորա կորյունը, մռնչում էր, հառաչում էր և ցնորվածի պես հարձակվում էր այս և այն կողմը:

Դա ուստա Պետրոսի կին Մանուշակն էր:

-- էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ խաբար է,-- հարցրուց նորացին խեղճ մարդը սարսափելով:

-- Աբգարը կորել է...-- պատասխանեց Մանուշակը և մոլեգնաբար սկսեց վազել դեպի պարսիկների թաղը:

Ուստա Պետրոսը հետևեց նորան:

Բ

Մութ-խավարային գիշեր էր:

Ընդհանուր քաղաքի վերա տերել էր խորին գերեզմանական լռություն: Երկնքի վերա չեր երևում ոչ մի աստղ. միայն լուսինը գունաթափ դեմքով սահում էր թուխ ամպերի տակից:

Գիշերային այն ժամն էր, երբ ամեն խրճիթի լուսամուտները վառվում են աղոտ լուսով: Իսկ գիշերային խավարը թագավորում է ամեն տեղ: Կարծես բոլոր խճիթների կրակները մարած լինեին...

Տեղ-տեղ աղոտ լուսով փայլում էին փոքրիկ լապտերներ. նոքա դանդաղ կերպով շարժվում էին դեպի քաղաքի գերեզմանատները... Ո՛չ լաց, ո՛չ սուգ չեր հուղարկավորում թշվառ դագաղները դեպի հավիտենական հանգիստը: Կարծես նոցա նվազած թաղողները մտածում լինեին, թե մի քանի րոպեից հետո իրանք էլ պիտի մեռնեն...

Քաղաքի նեղ և կեղտոտ փողոցներից մինի անկյունում միայնակ կանգնած էր մի փոքրիկ տնակ. նա նշանավոր էր նորանով, որ այնտեղ բնակվում էին անառակ կանայք:

Նա լուսավորված էր վառարանի լուսով, որո միջում նույն ժամուն բորբոքվում էին մի քանի կտոր հաստ փայտեր:

Վառարանի առջև նստած էին մի քանի մարդիկ. նոցա ահռելի դեմքի գծագրությունը բացատրում էր մահ և զարհուրանք...

-- Դժբախտ օր,-- ասաց նոցանից մինը,-- այսօր ոչինչ որսալ ես չկարողացա:

-- Սիրտս մարում է քաղցեն,-- կրկնեց մյուսը,-- ա՜խ, որքան ուրախ կլինեի, երբ իմ ձեռքը, որ կտրեց դահիճը Թեհրանի մեյդանում, այժմ այստեղ լիներ, ես նորանից խիստ օրինավոր խորոված կշինեի այս կրակի վերա...

-- Նուր-Ջհանը ուշացավ,-- խոսեց մի այլը,-- երևում է, որ առանց որսի չպիտի դառնա, դեռևս պետք չէ հուսահատվիլ:

-- Նա խորամանկ է ավելի, քան Իբլիսը,-- ավելացրեց մինը,-- նա դժոխքից սատանայի ձվանները կգողանա:

-- Այսուամենայնիվ, հարկավոր է մի բան ուտել, մինչև պառավը կգար,-- նոցա խոսքը կտրեց առաջինը:-- Րովշան,-- գոչեց նա:

Մյուս սենյակի դռները բացվեցան, դուրս եկավ մի մանկահասակ, սևուկ կին՝ զզվելի կերպարանքով:

-- Ուտելու ոչինչ չունի՞ք,-- հարց արին նորանից:

-- Երեկվա հրեա մանկան մի թևքը դեռ մնում է,-- պատասխանեց Րովսանը:

-- Բեր:

Նա բերեց խեղճ երեխայի արյունաշաղախ թևքը:

Չարագործներից մինը վեր թռավ և կամենում էր հափշտակել կնոջ ձեռքից աղետալի խորովածացուն:

-- Հանգիստ, Աքպար,-- գոռաց ավազակներից մինը՝ դուրս քաշելով յուր խենջարը,-- եթե ո՛չ՝ քո մարմնի կտորները շուտով կշարվին շամփուրի վերա:

Աքբարը սարսափելով խույս տվեց, և նա առեց Րովշանի ձեռքեն երեխայի թևքը, դրեց փայտի արմատի վերա, որ ընկած էր այնտեղ՝ վառելու համար, և յուր խենջարով մանր կոտորեց նորան, շամփուրի վերա շարեց և տվեց կրակին:

Հանկարծ դրսից լսելի եղավ շատ հաչելու ձայնը:

-- Անպատճառ Նուր-Ջհանը պիտի լինի,-- խոսեց ավազակապետը,-- Րովշան, գնա' դուռը բաց արա:

Սևուկ կինը վազեց դեպի դուրս և մի քանի րոպեից հետո դարձավ՝ յուր հետ բերելով մի պառավ կին:

Պառավը ցամաք, ջլուտ, կմախքի նման կին էր, բարձր հասակով և վայրենի դեմքով. նորա դժոխային աչքերում վառվում էր սարսափելի զարհուրանք: Այսուամենայնիվ, նորա երևույթը մի առանձին ուրախություն պատճառեց ավազակների մեջ, և բոլորը միաձայն գոռացին.

-- Ա՜խ, Նուր-Ջհան, ի՞նչ բախտով:

-- Բարի,-- պատասխանեց պառավը՝ կատաղի ծիծաղ նկարելով յուր ցամաք շրթունքների վերա:

Ամենքն ուրխությամբ վեր թռան և բոլորեցին պառավի շուրջը: Նա վեր բերեց յուր շալակից մի տոպրակ, որո բերանը կապած էր թոկով, դրեց գետնին: Ամենքը սոված գայլերի նման վրա թափվեցան, բաց արին տոպրակը: Նորա միջից դուրս հանեցին մի գեղեցիկ, խարտյաշ երեխա՝ սիրուն դեմքով:

Մարդակերների հրճվանքին չափ չկար:

-- Արդարև, լա՜վ խորովածացու,-- գոռացին բոլորը վայրենի ուրախությամբ:

-- Ինչ փափուկ միս ունի,-- ավելացրեց մինը:

-- Լավ, լավ, ձայներդ կտրեցեք,-- նոցա սաստեց ավազակապետը:-- Պատմիր, Նուր-Ջհան, ո՞րպես հաջողվեց քեզ:

-- Այսօր բոլոր քաղաքը շրջեցի,-- պատասխանեց պառավը,-- ոչինչ չկարողացա գտնել, կարծես, այդ անիծված մայրերը ամեն ինչ հասկացել են, երեխայքը դուրս չեն թողնում: Վերջապես հայերի թաղն անցա, մտա մի տուն որպես մուրացկան, սկսեցի լալով հաց խնդրել: Տանտիկինը երդվելով հավատացրուց, որ մի շաբաթ է, նոքա ևս ոչինչ չունեն ուտելու, միայն կերակրվում էին մի հատիկ կովի կաթնով, այն ևս, դժբախտաբար, երկու օր առաջ գողացան պարսիկները: Ես խնդրեցի մի քանի րոպե նստել նոցա բակումը հանգստանալ՝ պատճառելով, թե սաստիկ նվաղած էի քաղցածությունից: Տանտիկինը խղճաց ինձ վերա և թողեց նստել այնտեղ՝ տաքանալ արևի շողերով, իսկ ինքը մտավ ներս, պարապում էր տնային գործերով: Մին էլ տեսնեմ, սենյակից դուրս եկավ այդ երեխան: Ես գրավեցի նորան դեպի ինձ՝ մի քանի հատ քիշմիշ տալով: Երեխան հարցրուց. "Էլի կա՞ քիշմիշ": Ես ասացի՝ շատ կա, գնանք դուրս, բոլորը կտամ քեզ: Ես բակից դուրս եկա, երեխան վազեց հետնես, իսկույն բռնեցի նորան և ձգեցի տոպրակի մեջ:

-- Բավական է, բավական է, Նուր-Ջհան,-- պառավի խոսքը կըտրեց ավազակներից մինը,-- հեքիաթի ժամանակը չէ, փորս սովից որոտում է:

-- Պատրաստենք խորովածացում,-- կրկնեց մի այլը:

Իսկ մանկահասակ սևուկ կինը՝ Րովշանը, որքան և մեռած էր նորա մեջ մարդասիրական զգացմունքը, դարձյալ վազեց դեպի երեխան, գրկեց նորան և դարձավ դեպի ավազակները՝ ասելով.

-- Չէ՛, ես չեմ թույլ տալ դորան մորթել, թե կամիք՝ ինձ սպանեցեք:

-- Հեռու, Րովշան,-- գոռացին ավազակները:

-- Ես թույլ չեմ տալ այսպիսի հրեշտակին մորթել:

-- Հեռու, ասում ենք քեզ:

Րովշանը դարձյալ պաշտպանում էր անմեղ զոհը: Իսկ ավազակապետի աչքերը վառվեցան զարհուրելի կրակով. նա Րովշանին դեպի մի կողմը հրեց և խլելով նորա ձեռքից երեխան՝ յուր խենջարի մի հարվածով թռցրուց անմեղ զոհի գլուխը...

Այդ երեխան ուստա Պետրոսի որդի Աբգարն էր...

 

Րաֆֆի


Теги: Рассказы Րաֆֆի


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.