Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս թիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ... ավերակի արձագանքը կրկնում է.
— Հե՜յ... հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞...
Ավերակը ձայն է տալիս.
— Հա՜...
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս...
— Քա՞նի մանեթ կտաս։
— Տա՜ս...
— Հիմի կտա՞ս, թե չէ։
— Չէ՜...
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։
— Արի՜...
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։
— Հը՜,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։
— Հա՜...
— Չաղ է՞ր, թե չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜...
— Սկի՜ ...
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։
— Այ էդպես... բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք...
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։
— Ավերակի։
— Հետո, փող տվա՞վ։
— Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի...
— Հերիք է, հերիք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի...— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
Հովհաննես Թումանյան