Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
Մոռա՞ց է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞...
Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում...
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա...
Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա...
գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
Ո՛վ է վերստին մեր աշխարհին
Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ... -
Նա՛, ով եղբորը քո նշանված,
Տասնչորս թվին տարավ գերի,
Նա՛, ով Էնվերին "քը՜ս- քը՜ս" տված,
Ուզում էր հայոց հողն ավերի՛...
Ով, յանիչարի ձեռքերով չար,
Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
"Վայոց ձո՜ր" - ամեն ձո՛րը հայոց...
... Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
Մոռացե՞լ ես դու Տեր- Զո՛րը սև...
Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր...
Գևորգ Էմին