Գրասեղանիս վըրա, սա
Սկավառակին մեջ կա բուռ մ'հող, բերված հոն
Հայրենիքի դաշտերեն:
Նըվեր է ան.- Զայն ինձ ձոնողը կարծեց
Սիրտն իր տըրված, առանց երբեք գիտնալու
Թե կու տար իր պապերունն ալ միասին:
Զայն կը դիտեմ.- մերթ ժամեր
Բիբերս անոր վըրա հառած կը մընամ
Լո՜ւռ և թախծո՜տ, իբր այդ հողին մեջ հուռթի
Նայվածքս արմատ արձակեր:-
Կը մըտածեմ.- Գուցե իր գույնը բոսոր
Չէ պարգևված բնության ներհուն օրենքեն.
Վերքերու սպունգ մ'ըլլալով
Խըմած է մաս մը կյանքի, մաս մ'արևու.
Եվ իբըր տարր անպաշտպան
Կարմիր հող մ'է եղած, հայ հող մ' ըլլալուն:
Գուցե իր մեջ կը բաբախեն տակավին
Դարերը հին-հին փառքին,
Կայծն ամրակուռ սըմբակներու որոնց գոռ
Արշավանքն օր մը ծածկեց
Հայկյան վաշտերն հաղթության տաք փոշիով:
Կ'ըսեմ.- Իր մեջ դեռ կ'ապրի
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
Կյանքս իմ, քու կյանքդ, ու տըվավ,
Կարծես ձեռքով գիտակից,
Նույն թուխ աչվին նույն և նըման հոգիով
Կիրք մ' Եփրատեն առնըված,
Սիրտ մը կամշոտ, թագըստոց
Ըմբոստանքի ու նաև բո'ւռըն սիրո:
Իր մեջ, իր մեջ կը կայծկըլտա հոգի մ' հին՝
Հին դյուցազնի եղած փըսոր մը գուցե՝
Կույսի մ' աղվոր արցունքով.
Հյուլե մը կա Հայկեն, փոշի մ'Արամեն,
Անանիայեն բիբ մը դետ՝
Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.
Ա'զգ մը կա հոն, սեղանիս վրա ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մեջ,
Հողի բնատուր մարմնույն տակ ինձ կը խոսի,
Կ'ոգեզինե - և աստղերու ինչպես ցանն
Անհունության մեջ կապույտ -
Փոշիներովն իր հրաբորբ
Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգե:
ՈՒ այն ատեն լարը ջղերուս կը դողա
Սարսուռով մ' հորդ, ա'յն սարսուռով՝ որ մըտքին
Հերկերուն վրա ավելի'
Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:
ՈՒ կը զգամ անցքն ուղեղես
Նոր հուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վերքերովն իրենց, վրեժի՝ շրթունքներ.
Եվ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիթ չըներ
Եթե մարմնույս աճյուններն
Օր մը մահեն վերջ հովերուն մեջ գըտնար.
Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
Մնացած մեր հաղթ պապերեն,
Բըժժանքն ու ձոնն այդ կարմիր,
Սիրտըս սեղմած մագիլներով անծանոթ,
Երկինքն ի վեր, գըրքի մը վրա, թանկագին
Ժամու մը մեջ ժըպիտներու, սերերու,
Կամ քերթվածի մը ծընած վեհ վայրկյանին
Զիս հապըշտապ կը մըղե
Մերթ լալու, մերթ մռընչելու,
Եվ զինելու բռունցքըս, հոգիս բռունցքիս մեջ:
Դանիել Վարուժան