Регистрация   Обратная связь   RSS
 

«    Июль 2020    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Ներսես Շնորհալի Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԿՅՈՐԵՍ

1

 

Քաղաքն ուներ երկու անուն` Գորիս և Կյորես։ Երրորդ անունը` Կորիս,— տալիս էր միայն մի մարդ` դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել: Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների` ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և “Երից տարրի փոխակերպման մասին”:

 

Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր` երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը “օտարականներն” էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում` ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը` Շենը, և նրա նշանավոր պարագլուխները` Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում Էր մինչև անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։

 

Ղաթրինի Աղալոն, Պարան-Պարան Ավանեսը, Գյուրջի Օբին և շատ ուրիշ կյորեսեցիներ, լինելով բուն Կյորեսի պարագլուխները, ժամանակակից չեն եղել։ Այդ մի դինաստիա Էր հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների, ցեղային դինաստիա, որ ի դեպ գլխավո¬րում Էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա “օտարականների” դեմ։ Ղաթրինի Աղալոյի ժամանակ Գորիսը դեռ քաղաքագլուխ չուներ և քաղաքը դեռ չէր տարածվել մինչև Մեծ կամուրջը։ Ղաթրինի Աղալոն դեռևս կարող էր Գորիսի վաճառականներից երեքին խարձի թոկով շալակել և սպառնալ նրանց թափել ձորը, եթե վաճառականները Թավրիզի կտավը չծախեն յուղի հետ բարաբար։ Նրա ժամանակը հեշտ էր. ինքը` Շենն ուներ իր կտավագործ¬ները, իր դերձակները, իր իջևանատները, որտեղ գիշերում էին ուրիշ երկրներից քարավաններ։ Վերջապես Ղաթրինի Աղալոյի ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ “ղարիբական” չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն վարուցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում։

 

?յլ էր Գյուրջի Օբին և նրա ժամանակը... Գորիս քաղաքն ուներ երեք հարկանի բանտ, այնքան ընդարձակ, որ կարող էր Շենի կեսը մեջն առնել, ուներ ուրիշ կալանատուն` սուբահանոց, միայնակ կալանավորների համար,— այնտեղ էր նստում գավառապետը, այնտեղ էր ձիավոր պահակների զորամասը և Պենզայի 686-րդ դրուժինան։ Գյուրջի Օբին գզգզված շորերով, ինչպես հետին մուրացկան, հարբած դուրս էր գալիս Շենի միջնաբերդից և ծածանելով զգեստի ծվենները, քաղաքի հրապարակում հայհոյում էր քաղաք հիմնո¬ղին, նրա գլխավորին, Կյորեսը կույր դանակով մորթողներին... Այն ժամանակ իրենց մաղազաներից դուրս էին գալիս Գորիսի առևտրականները` Եփրատ Երեմը, Մալակրովնի Նիկոլայը, Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը, եղբայր Բաղիրովները և զվարթ ծիծաղում էին, ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին։ Բայց երբ Գյուրջի Օբին սկսում էր խաղ ասելով տեսնել Գորիսի անվանի քաղաքացիներին,— այն ժամանակ նրա շուրջն էին հավաքվում հացթուխները, խմոր հունցողները, կոշկարարի աշակերտը, որին վարպետը ջրի էր ուղարկել, մշակները, որոնք անկյուններում սպասում էի, թե նրանց ով հացափոր աշխատանք կտա և մինչև անգամ քաղաքագլուխ Մատվեյ Մատվեյիչը, նույն ինքը` Մատթևոս բեյը չէր կարող կտրել Գյուրջի Օբու այդ լեզուն:

 

Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով.

 

— Խոջա-Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... Նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,— այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։

 

— Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,— այդպես էր ասում տիկին Օլինկան` Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։

 

— Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շա-շո... Ափսոս չի՞ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,— այդպես էին խոսում սւմենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց` անվանելով շինովի տիկնիկ, ոմանց մորուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Երեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։

 

Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը` Ավետանց, Շալունց, Բակունց և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,–– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ.

 

— Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,— կարծես “Ջանգեզուրի մարդ” այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։

 

— Աթա ապեր, բա դու հա՞յ չես։

 

— Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ, է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը...

 

— Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս...

 

— Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա-Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...— Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով, նա խոսում է ծոր տալով և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա-Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան` մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա-Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։

 

— Շան ազգից են խոջա-Բաղիրի ճտերը... Նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են...

 

— Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա-Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։

 

— Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,— Աթա ապերը սկսում է զայրանալ,— հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,— չկա՛: Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող: Խոջա-Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է: Իսկ եթե ասում ես, որ խոջա-Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս: Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ, թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա-Բաղիրը ուրիշ ազգից էր և կարող է, որ զիլանի եղած լինի:

 

Կյորեսն ուներ իր սուրբերը՝ Կանաչ եկեղեցի, սուրբ Մարտիրոս (“իմ երեսս նրա ոտի տակ”— կասեր Անա զիզին, երբ սուրբի անուն տար), Եզան Սուրբ, Ճգնավոր և այլ այսպիսի ուխտատեղեր՝ հին և հնավանդ, ինչպես այն ընկուզենիները, որ ով գիտե, քանի հարյուր տարի աղմկում էին Մատուռի ձորում։ Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ։ Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին և կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր և մի քարակույտ։ Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, որ իբրև թե յոթը տարի վարել էր մի մենակյաց, թեև Սայու Մադին, Կյորեսի նշանավոր քերծ քանդողն ասում էր.

 

— Չորս փութ կորեկ տվեք, թե յոթ շաբաթում էդքան չքանդեմ, իմ հոր տղան չեմ։

 

Կյորեսն ուներ այդպիսի ուխտատեղեր, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էր մատաղների կրակից և երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին որ կողմն է քշում ծուխը: Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը ուր գնար, այն կողմի արտերն այդ տարի շատ բերք կտային...

 

Եվ պատահում էր, որ ծուխը գնում էր դեպի Ծլանգի տախտը, որտեղ խոջա-Բաղիրի քսան օրավար արտերն էին: Ծերունին բարկանում էր.

 

— Ես պիտի իմ ոչխարը քեզ մատաղ անեմ, որ դու հացը խոջա-Բաղիրի որդիներին տաս։

 

Եվ ասում են, որ մի անգամ, երբ մատաղի ծուխը փարթամ քուլաներով գնացել է քաղաքի վրա և մինչև անգամ փռվել է քաղաքի շուկայի վրա, Զդին Հաբուդ անունով մի բնիկ կյորեսեցի սուրբ Մարտիրոսի մատուռի առաջից կիսաեփ կաթսան գրկած տարել է Եզան Սուրբի ձորը, ասելով.

 

— Եզան Սուրբ, եթե դու էլ սուրբ Մարտիրոսի նման լիրբ ես, մատաղը կածեմ շների առաջ...

 

Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիս քաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները, նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը Հերսելյան ամենաչքնաղն էր քաղաքում և կոչվում էր "Թևը կոտրած հրեշտակ", որովհետև Հերսելյան քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ էր գնում սուրբ Մարտիրոս, գնում էր զուգված, զարդարված, գույնզգույն հովանոցներով, որոնցից ամենագեղեցիկը` երկնագույն մետաքսե,— հով էր անում օրիորդ Հերսելյային և երիտասարդ չինովնիկների ու գործակատարների մի խումբ, որ հետևում էր Լալազարանց աղջիկներին և մանավանդ թևը կոտրած հրեշտակին,— հիանում էր Հերսելյայի խշխշան շորերով, բարակ մարմնով և նրա երկնագույն հովանոցով։

 

Երբ պալտոնավորն ուխտ էր գնում, Շենը դժգոհում էր, կարծես եկողներն այլադավան էին։ Գորիսեցիք էլ էին մատաղ անում. մինչև անգամ Լալազարանց Հերսելյան, բարձ֊րացնելով զգեստի փեշերը, ծնկաչոք մտնում էր Կանաչ եկեղեցին և այդ ժամանակ երիտասարդ չինովնիկներից մեկը փռում էր մի թերթ, որ ավազը չծածկի նրա մարմար ծունկը։ Նրանք էլ էին մոմ վառում, ոչ այն դեղին մոմը, որը ճրագուից թափում էր սապոն եփող Սավադը, այլ սպիտակ և զառ նշանով մոմեր։

 

Պատահում էր, որ օրիորդ Հերսելյան և կամ Սահակ Սերգեյիչի դուստրը` Սուսաննան, համբուրում էին մատուռի քարը և մինչև անգամ խաչակնքում էին։

 

— Հողս գլխիդ,— նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,– տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ Էլ սուրբը քեզ հի՞նչ անի...

 

Եվ դուրս էին գալիս եկեղեցուց, գորիսեցիք ընկուզենիների տակ մատաղը մորթում էին, իսկ նրանք, որոնք կյորեսեցի էին, քաշվում էին վեր իրենց զուռնա նաղարայով, հին պարերով և հարս ու աղջիկ ծառերից կախելով պարանները, ճոճվում էին խոր անդունդի վրա, փռփռացնելով զգեստները։ Քաղաքացիները նայում էին նրանց և օրիորդ Հերսելյան ստուդենտ Ռուբենին ռուսերեն ասում էր.

 

— Երանի նրանց...

 

Երբեմն Կյորեսն ու Գորիսը ընդհարվում էին հենց ուխտավայրերում։ Եվ նույնիսկ քահանաները չէին կարողանում հաշտեցնել նրանց։ Ծաղրով, ծիծաղով կյորեսեցիք քշում էին բուլկի ուտողներին։ Այդ ժամանակ մի հարբած բրուտ մտնում էր Կանաչ եկեղեցու քարանձավը և այսպես էր գոռգոռում.

 

— Ապա դու սո՞ւրբ ես... էն որ նավթ ծախող Գևորգը քո պատին մոմ կպցրեց, ինչի՞ նրա մատները չբռնեցիր չկպցրեցիր քո պատին։ Ապա չե՞մ ասել քեզ, որ քսան մանեթի դիմաց երկու եզս տարավ, ինձ սոված թողեց։ Ի՜նչ է, նրա մոմը ոսկի զառով էր, հա՞... է, Կանաչ եկեղեցի, դու էլ ես ղալբացել,— և հարբած բրուտն սկսում էր հանգցնել քաղաքացիների մոմերը, գետնովն էր զարկում մոմերը և շարունակում էր նախատել սուրբին,— ա¯յ, ասում եմ, դրա վերջը որ չտաս, դուռդ կպատեմ... Դու սո՞ւրբ ես, թե յոթը դռան հաչող շուն...

 

Այդպես ամեն ինչով տարբեր էին Գորիսն ու Կյորեսը և մանավանդ Շենը՝ Կյորեսի միջնաբերդը։ Տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, տարբեր ազգ էին և նույնիսկ նրանց հավատն ուրիշ էր։ Նրանք կողք-կողքի ապրում էին և նրանց միջև կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը և ձորի գետը։

 

2

 

Ինչպես ձորը և ձորի գետը...

 

Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին հավասար քառակուսիների և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։ Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի սպիտակ բանտում։ Փողոցներն ուղիղ միջանցքներ էին` հավասար լայնությամբ, տները միանման կամերներ` մեծ ու փոքր, երկու-երեք կամ չորս պատուհանով, որոնք պատած էին երկաթե խիտ վանդակով, ինչպես բանտի պատուհանները։ Փողոցներում մայթերը նույն չափի էին՝ նույն քարով սալած։ Տների առաջ միանման ծառեր էին՝ ուռենի, բալ, ընկուզենի և երբեմն դեղին ակացիա։ Յուրաքանչյուր տուն զբաղեցնում էր չորս հարյուր քառակուսի սաժեն, որի անկյունում, փողոցի վրա, տունն էր, մի կամ երկու միանման հարկ,— իսկ մնացածը պարտեզն էր նույն ծառերով, ինչ որ փողոցում ուռենի, բալ, ընկուզենի, խնձոր և երբեմն դեղին ակացիա։

 

Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան՝ ռուսաց շկոլ, և մի հայոց դպրոց։ Ուներ մի բանտ, մի ռուսաց ժամ, մի հայոց եկեղեցի, մի բիլիարդանոց, որի պատուհանները փակ էին, որովհետև անտիրական կատուները սիրում էին օթևանել այդ ապահով ներքնահարկում,— մի հյուրանոց երեք սենյակից, մի բաղնիս, որի դուռը ժանգոտել էր իբր թե ներսի գոլորշուց, բայց դռան առաջի խոտերը վկայում էին, որ այլ էր պատճառը. գուցե ճշմարիտ էին նրանք, որոնք իբր թե բաղնիսի ավազանների մեջ տեսել էին կանաչ գորտեր։ Քաղաքն ուներ մի ժամագործ՝ Սահաթսազ Սանդրոն, որը նաև ոսկերիչ էր և սիրում էր թարաքյամա քոչվորների դաշույնները։ Կար մի կանդիտեր, որ սրճատան հետևի մասը դարձրել էր գինետուն, որովհետև Գորիսի բնակիչները սուրճը համարում էին տիկին Օլինկայի խմիչք, իսկ տիկին Օլինկան միայն կիրակի օրերին էր սուրճ խմում։ Քաղաքն ուներ լիմոնադի մի գործարան, որ հիմնել էին Շոր աղբյուրի կողքին։ Երեք տարուց հետո տերը գործարանը ծախել էր ուրիշին և գնացել Բաքու, պատրաստի հագուստեղեն վաճառելու։ Քաղաքում պատմում էին, որ նա իր հետ փափուկ փող էր տարել և իբր թե հեռանալուց առաջ նա համբուրել էր Շոր աղբյուրի քարը և ասել էր. “Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր”... Քաղաքն ուներ միայն մի գործարան և այն էլ լիմոնադի գործարան` առանց ծխնելույզի, և երջանիկ այդ քաղաքում ուրիշ ոչ մի ծխնելույզ չէր մրոտում փիրուզե երկինքը։

 

Բայց ոչ այդ գործարանը, ոչ հյուրանոցը և ոչ նույնիսկ “Սասուն” տպարանը, որտեղ տպում էին հարսնյաց հրավերներ, գավառային վարչության բլանկներ և զանազան պուբլիկացիաներ տուրքի, քոչի և զինվորակոչության մասին,— ոչ այդ ամենը և նույնիսկ տիկին Օլինկայի Հայ կանանց Միությունը քաղաք չէին կազմում, Գորիսը չէին, որի միջուկը, այսպես ասած պարունակությունն էին վաճառականները և չինովնիկները, դյուքանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը։ Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը` հին Շենը։

 

Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար,— այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ “պալտոնավոր օտարականները”, որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օբի` շորերը գզգզված, աղքատ, արքա` օրավարձ մշակների, ջրկիրների, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել, իրենց աղաղակներով խլացնելով բերդի մեջ մեռնողների կանչերը։

 

Գորիսը հաղթել էր։ Ու թեև հին կռիվը շարունակում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ։ Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին “բուլկի ուտողների” հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, քարերով քշում էին դեպի քաղաքը,— բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում-գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզակով Իսակին հանդերձ ընտանյոք, նավթավաճառ Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավագիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին Ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով։

 

Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր` սապատավոր և ահռելի։

 

Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում։ Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը` Շենը իր թաղերով եղել է աղմկոտ փեթակ և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար, եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ և անհամար բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում Լին թագավորական ճանապարհով։

 

Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը։ Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի, կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն` Բաքու և Անդրկասպյան մի երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներ էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին։ Այդպես “օտարականները” բնիկներին մղում էին օտար երկրներ և իզուր էր Գյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն “պալտոնավորներին”։

 

Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում և երբեմն Բանդիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր,– մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օբուն, եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր “Գորիսի գովքը”,— մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո՛րի ագահությունը, ո՛րի պարտք ուրանալը, ո՛րի կաշառակերությունը և ո՛րի ընտանեկան կեղտը...

 

Հատուկենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլիներ այդ,— նրանք չգիտեին։ Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ,— նորից կհորդա։ Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք։ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին,— Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն էր... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը։

 

Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր: Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանջերի փոքրիկ արտերը. հողը հողագործի ձեռքից գնում էր և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բուռ ձյուն խարույկի մոտ։

 

Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

 

Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից,— որին անվանում Էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում Էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման,— Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի մորթիների մի շալակ տանում է

 

Միրումովների մաղազան։ Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ։ Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ, գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում։

 

— “Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի”,— ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը:

 

Ծմակի Խաչին մտածում էր, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է։ Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի։

 

— Երեք աբասին Էլ քո գլխին մատաղ,— և Միրումով Կյուքին, որին անվանում Էին Կույր գայլ, համրիչը դնում է տեղը։

 

Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես եթե վրան կրակ թափեին։ Եվ փախել է առանց ետ նայելու...

 

Երեք օր փնտրել են նրան։ Փնտրել են որսորդ րնկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ։ Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը։ Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել՝ ոչ պարանով և ոչ այլ կերպ։ Եվ վերևից հող են թափում դիակի վրա։

 

Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց.

 

— Քանդվե՛ս դու, Գորիս,— լսել է ջրաղացպանը։

 

Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես` եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

 

3

 

Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը, կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները` դյուքանդարները և մեծամեծները,— ինչպես նրանց անվանում էր Աթա ապերը։ Այդ մի ամբողջ բանակ էր, որ իր քարաշեն զորանոցները կառուցել էր գետահովտում և Շհարի տախտից ռմբակոծում էր մինչև խուլ գյուղերը` անտառների խորքում, բարձր լեռների լանջին և այնպիսի խոր ձորերում, որի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի մասին այսպես էին ասում.

 

— Մեր շենի ճանապարհը կարգին ճանապարհ է... մինչև անգամ բեռնած էշն էլ կանցնի։

 

Գորիսը կենտրոն էր` վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում և տարածվում էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս։ Լեռնաշղթաներով և խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ և այլադավան ժողովուրդներ` նստակյաց և վաչկատուն, խաշնարած և հողագործ և այնպիսի ժողովուրդ, որ ոչ հողագործ էր և ոչ խաշնարած, այլ անտառաբնակ էր և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր և նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են` այրում են, և երկրպագում են բարձր ծառերի և իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի։

 

Այդ ընդարձակ գավառը` Զանգեզուրը լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների։ Իրենք` մահալները բաժանվում էին իրարից անջատ մանր գյուղախմբերի և հաճախ կարելի էր լսել այսպիսի խոսք.

 

— Մինչև սարի սեռը մեր երկիրն է, էն երեսը Աղավնու երկիրն է։ — Նույն գյուղացիները իրենց գյուղին “հայրենիք” կամ “երկիր” էին ասում, հարևան գյուղին` “օտար երկիր” կամ “ղարիբ տեղ”։

 

Շհարի տախտի բնակիչները գրավել էին այդ ամեն “երկիրները”,–– ինչպես մի իրական պետություն զենքի ուժով գրավում է իսկական երկրներ։ Մահալները և գյուղերը` մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց,— այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին Գորիսի վաճառականները և չինովնիկ մեծամեծները։ Բաժանել էին կռվով և ուժեղին բաժին էր ընկել ամենից հարուստ մահալը։ Այսպես` Միրումովները հնուց անտի տիրում էին Մինքենդի բոլոր գյուղերին,– այն լեռնային մահալները, որոնք այժմ կազմում են Քյուրդիստանի հյուսիսային մասը: Բայանդուրից մինչև Շոթանան սեփական ժառանգությունն էր Բաղիրովների առևտրական տան։ Սիսիանի մի մասը` Որոտան գետից ձախ,— տիրում էին Ֆրանգուլովները։ Սորերը` Ավագիմովների միահեծան թագավորությունն էր, Կյորեսը և քաղաքամերձ չորս գյուղ բաժանված էին առևտրական երկու տների միջև։ Յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալի գյուղերում ուներ մանր ու մեծ խանութներ և ահագին թվով մանր վաճառականներ, որոնք խանութ չունեին, այլ ձիերի վրա, երբեմն սեփական մեջքի վրա այդ խանութների ապրանքը բարձրացնում Էին մինչև լեռան ծերպը, եթե այնտեղ ծխում էր մի օջախ։

 

Նրանք ոչ միայն վաճառում էին շիլեյ, մահուդվարի, Ւրանի դադաք, փոնձա, շալ, շաքար, նալ ու մեխ, սաղսի, նավթ, սաղրի քոշ և այլ այսպիսի ապրանքներ որ քարավաններով ստանում էին Թավրիզից, Շուշուց (ռուսական մանուֆակտուրան` Պրոխորովի, Կրատնիկովի, Վիտովի, Ցինդելի և ուրիշ ֆիրմաների մեծաքանակ պահեստները Անդրկովկասի հարավի և Հյուսիսային Ւրանի համար կենտրոնացված էին Շուշի շահաստան քաղաքում),— ստանում էին Բաքվից և մինչև անգամ Տրապիզոնից էին ստանում,— նրանք ոչ միայն վաճառում էին, այլ յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալում մենաշնորհ իրավունքով գնում էր բուրդ, ցորեն, անասուն, յուղ, պանիր, հավաքում էր գորգեր` թիրմահի, եան, խորասան, մարդաշենք, պատնոց,— կարպետներ` դարախլու, շղթա-շղթա և առանց զարդի,— նրանք հավաքում էին պղնձե ամաններ կուժ, կուլա, ջամ, մարթար, սինի, բադիա, կաթսա,— ինչ որ ձեռք ընկներ և հալելով՝ իբրև կարմիր պղինձ, ուղտերի նույն քարավանով ուղարկում էին Թավրիզ, Խորասան և Եզդան շահար։

 

 

 

Այդ առևտրական տները նաև յուրատեսակ բանկեր էին: Նրանց ձեռքում Էր դրամը. նրանք վաշխ էին առնում` մանեթին երեսուն, քառասուն և ավելի։ Միրումով Կյուքին, որին անվանում Էին Կույր գայլ, իր որդիներին սիրում էր ասել պապից լսած խոսքը.

 

— Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր. կամ մարգ է մեռել, կամ սոված են, կամ տան տիրող ձեռքը նեղ տեղն է։ Տո՛ւր, պարտք տուր, չա՛րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի։

 

Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով և որոնք սարերում ազատ վրնջացել էին,— նրանք դառնում Էին բեռան ձի։ Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և ղաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար։

 

Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը:

 

— Ապեր, էդ ի՞նչ ես անում,— հարցնում է որդին։

 

— Ա¯յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը, ո՞նց եմ պահում բռիս մեջ...

 

Ջամբա Ծատուրը` հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում։

 

— Կա՛րդա,— ասում էր որդուն։ Եվ որդին առնում էր առաջին մուրհակը.

 

— Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ... Էյվազ Խդըր օղլի...

 

— Էդ չի,— ընդհատում էր հայրը։

 

— Վեր առիմ... Հիսունմին մանեթ... Գիչունց Տանիել...

 

— Է՛դ չի...

 

— Վեր առիմ... Մեհտի Ղուլի Իմամվերդի:

 

— Թիվը քանի՞ է,– հարցնում էր Ջամբա Ծատուրը:

 

— Հուլիսի 25-ը։

 

— Էսօր 16-ը չի՞։

 

— 15-ն է:

 

— Էդ մեկը հանի... ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի,– և այդ մուրհակը հանում էին։

 

— Կա՛րդա,– և շարունակվում էր ընթերցումն, ինչպես միալար ժամերգություն:

 

Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով։ Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում,– մի խոսքով մահալում խան ու սուլթան էին։ Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց,– որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից։

 

Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ։ Կային երեք Ներսես բեյ` Հաստ Ներսես բեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավի Ներսես բեյ։ Կային Կեվեր բեյ` Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բալասան Կեվեր բեյ։ Կային երկու Զիլֆուղար բեյ` հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն. տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի անունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը` ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում Էր մոլլա Մուսին։ Ուրիշ և ոչ մի տարբերություն չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև։ Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գյորգին և ուրիշները... Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, կար Պավլի բեյ` որ “Մշակ” թերթի անխափան բաժանորդն էր. կար Վաղարշակ բեյ` զար գցող, կար Խանլար բեյ` շուն պահող, կար... և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում։

 

Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին։ Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, “Մշակ” թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է։ Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում` տաքացրած թան ուտելու իր ազգի տանը։ Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի ժամանակներից:

 

Կային այդպիսի բեյեր` հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին` Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ: Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ, մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից։

 

Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը։ Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էին: Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել “քրտինքով” և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր:

 

Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ, — վխտում էին` աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները։ Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները` թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի “անառակ” անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում Էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. “Դա՜-աս..., երեկ լավ ժամանակ անցկացրինք... и не скучала душа моя...”: Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ` արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի զլխից և բեղը չի շարժում։ Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա...

 

Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ։ Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ` Գորիսի շուկան էր։

 

Գորիսի շուկան ...

 

Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան` յոթ միանման և լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի սայլեր և մարդիկ` հազար, տասը հազար մարդ,— մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները,— և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում։

 

Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել... մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղով բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ,— և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը` “Ալաբաշ հե՜յ, Ալաբաշ, Ալաբաշ..”, կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մատթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր չէր գտնում:

 

Ակսել Բակունց 


Теги: Рассказы Аксел Бакунц Aksel Bakunc Ակսել Բակունց


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.