Ես մեկ ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի։
Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր,
Ընկած են բաժան–բաժան։
Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ Աստված ստեղծեց՝
Ասաց՝ աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց։
Ուղարկեց մի այգեպան՝
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով՝
Կոչվեցա ծառ ՀԱՅԿԱԿԱՆ։
Չորս հազար տարվա ծառ եմ,
Արմատս պինդ, կայտառ եմ,
Թեպետ ուժս պակաս է,
Բայց անունով՝ պայծառ եմ։
Աշուղ Ջիվանի