Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:
“Կորիզն,- ասաց, - ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա”:
Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:
“Կույր է բախտը, սուտ չէ ասած”,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
“Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց...”
Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. -
“Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”,
Միաբերան ձայնեցին...
Մայրըս ասաց. “ Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:
Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից”:
Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:
Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:
“Հոնի կորիզն” այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք...
Ղազարոս Աղայան