Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի,
ՈՒզում եմ գրկել պատահած մանկան,
Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին:
Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ,
Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր,
Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝
Ձեզ ապրելու փող ղրկելու համար:
Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,
Որ դեռ ջանում են երևալ ջահել,
Մոտենալ, ասել. "Ի՜նչ լավ ես հագված",
Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր:
Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,
Պայուսակներով ծանր բեռնված,
- Հերիք Դուբայի ճամփեքը չափես,
Ինչ է թե տանը չմնան անհաց:
Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին
Տրտում թախանձել՝ որդիս, մի' գնա.
Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին,
Կուգան ու կերթան, էսպես չի մնա:
Որդուն կորցրած մորը տեսնելիս
ՈՒզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜".
Աղետի գոտու տառապյալներից
Ես եմ ամաչում ուրիշի տեղակ:
ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց,
Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ "ների՜ր"...
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի...
Ս. Կապուտիկյան