Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն' իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո'
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից'
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ'
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը' հմայքիդ պես,
Ու քայլում էր քեզնից առաջ' հմայքիդ պես...
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով'
Ոչ թե անուշ մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել'
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով ներողություն...
Այսուհետև, ինձ հավատա,
Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա:
Եվ անցիր դու:
Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը' շուքիդ նման,
Ու կարճանա հոգնությունը' փեշերիդ պես ...
Պարույր Սևակ