Դու մի' հարցրու."Սիրո՞ւմ ես ինձ":
Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի'ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս'
Սուտ պատասխան չե~ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի' վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
Դու մի' հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին:
Եվ ասում եմ ե՛ս' միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա' աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:
Դու' անծանոթ մի նոր աշխարհ,
Ես' մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,_
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչեւ հասնենք հանգրվանի'
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական' մեզնից բացի,
Ու մենք պիտի լինենք թլվատ' ջրի՛ նման,
Եվ լինենք կույր' կրակի՛ պես,
Ուր' հակառակ մեր իմացած հին օրենքի'
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն' աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին...
Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
"Սիրո՞ւմ ես ինձ":
Ե՛ս քեզ հարցնեմ'
Պտասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքըդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
"Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնըվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ"...
Պարույր Սևակ