Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի վրա, քո ափի մեջ:
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան:
Պտտեցնում եմ մատըս և… փոխարեն թելի
Մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը:
Ոտներիս հետ հողն է սիրաբանում,
Եվ խաղողի վազն է ընձյուղ տալիս
Վառվող ծխամուրճիս կրակի մեջ…
Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ ոնց է լինում…
Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: Ճիշտ հակառակն է գուցե`
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…
Ախ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով…
Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում` ըմպել կում-կում,
Իբրև անքնություն փարատող դեղ:
Եվ հայելուց… պիտի կոշիկ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…
Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Ինձ հայելի պետք չէ:
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`
Ծառաբնի վրա,
Քո ափի մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրին…
Պարույր Սևակ
30.09.61