Регистрация   Обратная связь   RSS
 

«    Апрель 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Сиаманто Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիամանթո Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...

— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ...

Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.

— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։

Միջնեկ աղջիկն է գնում։

Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։

— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.

— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։

Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.

— Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։

— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։

Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։

Վեր է կենում գնում։

Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.

— Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...

— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։

Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։

Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

 

Հովհաննես Թումանյան


Теги: Հովհաննես Թումանյան армянские сказки


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.