Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում.-
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա՜նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...
Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռները, ակնածանքով
Կխոնարհվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չա՜ր են` լեռները մեր,
Հրաբխի բեռնե՛ր անմեռ,
Որ լռե՜լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե՜ր է քշում-տանում...
Զգո՜յշ խոսիր Հայաստանում:
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,-
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չե՛ն անում,
Թե դեմ- դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավո՛վ ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-
Մենք գահ ու թագ չե՜նք ունեցել,
Եվ... արքա է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չե՜նք ունեցել,
Եվ... սպա՛ է ամեն մի հայ.
Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան-
Բաժա՜ն-բաժա՜ն,
Անմիաբա՜ն,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի՛,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենի՜ք ենք անվանում...
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
Գևորգ Էմին