Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից - հորիզոն
-Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն...
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն...
Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից - հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...
Եղիշե Չարենց