Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց
Սերմերն ։ Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսընկային տակ գարնան…
- Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր ,
Քըրտինքիս ցօղը վըրան ։
Կատաղօրէ՜ն , կատաղօրէ՜ն յորդեր են
Տե՛ս , ցորեններն աղարծի ։
Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան…
- Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի ,
Եզիս շողիքը վըրան ։
Կը փողփողին արտավարէ արտավար
Կարծես կանանչ մոմիկներ ։
Ամէն ընձիւղ մարգրիտ մ ' ունի իր բերանն…
- Հօտա՛ղ , ինծի ծիլ մը բեր ,
Արեւուն շողը վըրան ։
Կը զարդարէ ամայութիւնը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի .
Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան…
- Հարսնո՛ւկ , ծիլ մը բեր ինծի ,
Մատերուդ բոյրը վըրան ։
Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս ,
Հոն միսմինա՜կը ծաղկեր…
- Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերէք անկէ ծաղիկներ ,
Բերէք վարդգոյն ծաղիկներ ,
Հընձուորին յո՜յսը վըրան ։
Դանիել Վարուժան