Դաշտերուն վրայ իր տրտմութեամբ յամառող
Անձրեւը չէ՛ ասիկայ ։
Գարնան ջաղբն է ՝ որ ցանքերուն վրայ անհուն
Լուսացընցուղ կը տեղայ ։
Աստղերն անյայտ , կարծես հալած արեւէն ,
Տեղատարափ կը թափին ,
Եւ կը լըւան իրենց լոյսին մէջ փաղփուն
Անդաստաններն ու այգին ։
Կապոյտն յանկարծ կու լայ բուռըն ծիծաղէն ,
Եւ կը տեղայ ադամանդ .
Կը լուսնան կոյր աղբերակներն ու կ'երգեն
Իրենց ծընունդն արգաւանդ ։
Անհունն ի վար կը հեղեղուին շառաչով
Մեծ կաթիլներ շափիւղայ ,
Լի արեւով , ցընծութիւնով , կապոյտով ,
Ծիծաղներով սատափեայ ։
Մարգերը թաց կ'արտաշընչեն զովութիւն…
Կը լըւացուին գառնուկներ…
Բո՜յրը հողին , հողին բո՜յրը , ծաւալուն ,
Կը լեցնէ գիւղն ու եթեր ։
Ու արտերո՜ւս , արտերո՜ւս մէջ քրտնաշատ
Իմ ցորեաններս յամեցող
Նոր ուժերով յորդահոսա՜ն կ'ընձիւղին
Կայլակներու մէջ ի լող ։
Եւ մաքրըւած անտառին մէջ , այս պահուս ,
- Ըստ իմ գիւղիս հէքեաթին -
Կը ծնի եղնիկը , գօտիին տակ ծիրանի ,
Եղնորթ մը ՝ նման լուսինին ։
Դանիել Վարուժան