Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկություն, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ:
Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկություն, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած:
Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:
Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը... ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:
Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած...
Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:
Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...
Հովհաննես Թումանյան