Регистрация   Обратная связь   RSS
 

«    Апрель 2024    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan Daniel Varujan Exishe Charenc Grigor Zohrap Hovhannes Shiraz Nerses Shnorhali Paruyr Sevak Siamanto Silva Kaputikyan Vahan Teryan Xazaros Axayan Аветик Исаакян Ваан Терян Григор Зорап Даниел Варужан Егише Чаренц Нерсес Шнорали Ованес Туманян Ованес Шираз Паруйр Севак Рассказы Силва Капутикян Хазарос Ахаян армянские сказки армянские стихи армянские стихи на армянском языке тексты армянских песен Ավետիք Իսահակյան Գրիգոր Զոհրապ Գևորգ Էմին Դանիել Վարուժան Եղիշե Չարենց Համո Սահյան Հովհաննես Թումանյան Հովհաննես Շիրազ Ղազարոս Աղայան Պարույր Սևակ Ռաֆայել Պատկանյան Սիլվա Կապուտիկյան Վահան Տերյան

ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Մայր Արաքսի ափերով

Քայլամոլոր գընում եմ,

Հին-հին դարուց հիշատակ

Ալյաց մեջը պըտրում եմ:

 

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,

Պըղտոր ջրով եզերքին

Դարիվ-դարիվ խփելով

Փախչում էին լալագին:

 

— «Արա՛քս, ինչո՞ւ ձկանց հետ

Պար չես բռնում մանկական,

Դու դեռ ծովը չի հասած

Սըգավոր ես ինձ նըման:

 

Ինչո՞ւ արցունք ցայտում են

Քո սեգ, հըպարտ աչերից,

Ինչո՞ւ արագ փախչում ես

Այդ հարազատ ափերից:

 

Մի՛ պըղտորիլ հատակըդ,

Հանդարտ հոսե խայտալով,

Մանկությունը քու կարճ է,

Շուտ կը հասնիս դեպի ծով:

 

Վարդի թըփեր թող բըսնին

Քու հյուրընկալ ափի մոտ,

Սոխակները նոցա մեջ

Երգեն մինչև առավոտ:

 

Մըշտադալար ուռիներ

Սառ ծոցի մեջ քու ջըրին

Ճկուն ոստըն ու տերև

Թող թաց անեն տապ օրին:

 

Ափերիդ մոտ երգելու

Հովիվք թող գան համարձակ, —

Գառն ու ուլը քու վըճիտ

Ջուրը մըտնին միշտ արձակ»:

 

Մեջքը ուռցուց Արաքսը,

Փրփուր հանեց իր տակից,

Ամպի նման գոռալով

Էսպես խոսեց հատակից.

 

— Խիզա՛խ, անմի՛տ պատանի,

Նիրհըս ինչո՞ւ դարևոր

Վրդովում ես, նորոգում

Իմ ցավերը բյուրավոր:

 

Սիրելիի մահից ետ

Ե՞րբ ես տեսել, որ այրին

Ոտքից գըլուխ պըճնվի

Իր զարդերով թանկագին:

 

Որի՞ համար զարդարվիմ,

Որի՞ աչքը հրապուրեմ,

Շատերն ինձ են ատելի,

Շատերին ես օտար եմ...

 

Իմ ազգակից գիժ Քուռը,

Թեև այրի ինձ նման,

Ստրկորեն կրում է

Գայթակղիչի կուռ շղթան:

 

Բայց նա ինձ չէ օրինակ,

Ես հայ, հայիս կճանչնամ,

Օտար փեսա չուզելով,

Ես միշտ այրի կմնամ:

 

Կար ժամանակ, որ ես էլ`

Շըքեղազարդ հարսի պես

Հազար ու բյուր պըչրանքով,

Փախչում էի ափերես:

 

Հատակս պարզ ու վճիտ,

Կոհակներըս ոլորուն,

Լուսաբերը մինչև այդ

Ջրիս միջին էր լողում:

 

Ի՞նչըս մնաց էն օրից,

Ո՞ր ջըրամոտ գեղերըս,

Ո՞րը իմ շեն քաղաքից,

Ո՞ր բերկրալի տեղերըս:

 

Տուրքը ջըրի ամեն օր

Իր սուրբ ծոցին Արարատ

Մայրախընամ ինձ սնունդ

Պարգևում է լիառատ:

 

Բայց ես այս սուրբ ջրերով

Սուրբ Ակոբի աղբյուրին

Պիտի ցողեմ արտորա՞յքն

Իմ ատելի օտարին:

 

Մինչ իմ որդիք, — ո՞վ գիտե —

Ծարավ, նոթի, անտերունչ

Օտար աշխար հածում են

Թույլ ոտքերով կիսաշունչ…

 

Հեռու՛, հեռու՛ քըշեցին

Բնիկ ազգըն իմ հայկյան,

Նորա տեղը ինձ տվին

Ազգ անկրոն, մոլեկան:

 

Դոցա՞ համար զարդարեմ

Իմ հյուրընկալ ափերը,

Եվ կամ դոցա՞ հրապուրեմ

Ճըպռոտ, պըլշած աչերը:

 

Քանի որ իմ զավակունք

Այսպես կու մընան պանդուխտ, —

Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,

Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…»:

 

Էլ չի խոսեց Արաքսը,

Հորձանք տվեց ահագին,

Օղակ-օղակ օձի պես

Առաջ սողաց մոլեգին:

 

Ռաֆայել Պատկանյան


Теги: Ռաֆայել Պատկանյան армянские стихи армянские стихи на армянском языке


 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru 2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.