Регистрация   Обратная связь   RSS
 

«    Июнь 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan, Daniel Varujan, Exishe Charenc, Grigor Zohrap, Hovhannes Shiraz, Nerses Shnorhali, Paruyr Sevak, Silva Kaputikyan, Vahan Teryan, Xazaros Axayan, Аветик Исаакян, Ваан Терян, Григор Зорап, Даниел Варужан, Егише Чаренц, Нерсес Шнорали, Ованес Туманян, Паруйр Севак, Рассказы, Сиаманто, Хазарос Ахаян, армянские сказки, армянские стихи, армянские стихи на армянском языке, тексты армянских песен, Ավետիք Իսահակյան, Գրիգոր Զոհրապ, Գևորգ Էմին, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ, Ղազարոս Աղայան, Ներսես Շնորհալի, Պարույր Սևակ, Ռաֆայել Պատկանյան, Սիլվա Կապուտիկյան, Վահան Տերյան

Показать все теги

ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ

"Մաշտոցի Ծննդյան 1600- Ամյակի Առթիվ

Ոչ միայն որ գործենն պարտական են,

այլև որ հանձն առնուն "

Ա

Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք

Միայն նախդըրիվ - ոսկեղնիկով

Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն,

Որոնց կերպը դու առել ես գուցե

Հին գործիքներից մեր դարբինների

Եվ այն կեռերից ամենատարբեր,

Որոնցից զեն ու զարդ էին կախում...

Բայց Գյուտարարիդ համեմատությամբ

Ես' Դանիելյան թերատ այբուբեն,

Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից,

Չեմ կարող զնգալ

Ու չեմ էլ զնգում,

Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,

Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով

Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,

Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,

Ա՛զգ,

Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,

Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք'

Թեկուզև մի օր...

Եվ պե՞տք է արդյոք,

Որ արձաններդ հառնեն աստ ու անդ,

Եթե Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդեն –

Քանդակում ես միշտ

Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին

Երեսուն և վեց կերպերով անքանդ:

Պե՞տք է ուրեմն ...

Ու պետք է եթե'

Քեզ... պետք չէ բնա՜վ,

Պետք է ... միայն մե՛զ:

Բ

Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին,

Վերաքննությամբ պիտի մեզ ներես,

Եթե խոսում ենք քանդակ – արձանից

Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում,

Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ,

Որ չեն տարբերվում կռապաշտներից:

Եվ այն պատճարով պիտի մեզ ներես,

Որ հնուց անտի սովոր լինելով

Հարկի և տուրքի,

Բաժի և սակի

Ու վճարելով միշտ ճարահատյալ,

Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել'

Հարկը հոգեկա՜ն:

Եվ Դու' եզակի մի հարկահավաք,

Որ ընտրված է – ոչ նշանակված,

Ա՛ռ ու մթերի՜ր,

Ա՛ռ ու պաշարի՜ր

Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու,

Որպեսզի կրկին վերաբաժանես'

Մեր նեղ օրերին,

Բայց... իբրև նպաստ

Եվ ոչ մուրածո ողորմաբաժին...

Գ

Աշխարհազբոսիդ համեմատությամբ

Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,

Ի լրո՛ գիտեմ,

Որ քեզ ծին տված բնիկ գավառում

Կար մի մենաստան'

" Սուրբն Կարապետ",

Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:

Մենք կին չենք,

Այր ենք,

Տղամարդ ենք մենք,

Սակայն անօրեն մի նոր օրենքով

Փակ է մեր առջև

Ոչ միայն դուռն ու գավիթը վանքի,

Այլ գավա՜ռն ամբողջ

Եվ ո՜ղջ մի երկիր,

Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:

Մենք կին չենք,

Այր ենք,

Տղամարդ ենք մենք,

Եվ ընդդեմ այս բաց անարդարության

Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,

Բայց փակում այնպես,

Ինչպես փակում են մարդիկ մատները,

Եվ ստացվում է դրանից ... բռունցք:

Ուստի իզուր է խոսքը երդումի:

Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք'

Քո Հացեկացը կպեղենք բրչով,

Եվ տարոնական պարզած երկնի տակ

Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի:

Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին...

Դ

Սակայն... Եվ սակայն

Կա սուրբ Օշական,

Որ ազգի համար մի շատ վաղեմի

Հավասար է Նոր Երուսաղեմի:

Աշուն է հիմա:

Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին

Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր,

Իր տերևները, որ շատ են նման

Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի:

Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա:

Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա,

Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար:

Գաղտնասացության համար չեմ ծնվել,

Ես գիտեմ սակայն,

Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք

Անխոս – լռելյայն երդում է տալիս

Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ:

Անձնադատորեն նա հանձն է առնում

Արդյունավորվել մի՛միայն այնպես,

Որ հողագնդի բյուր լեզուներից

Անարտաքսելի մնա հավիտյան

Մեր այն բարբառը,

Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել:

Բայց մեխե՜ր նաև'

Գամելու համար հին ու նորորյա պիղատոսներին:

Կանխասացության համար չեմ ծնվել,

Ես գիտեմ սակայն,

Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք

Եվ վաղը պիտի դառնա մասնակից

Քո անկշռելի որքանությանը,

Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը,

Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի'

Փոխելով քայլն իր մոլորագընաց,

Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին,

Դասալիք լինի բանակից վարձու:

Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք

Ավանդակորույս իրենց վարքի դեմ

Վերստին պիտի աչքերը բանան:

Հայոց աշխարհի այրերից նրանք,

Ովքեր հուլաբար ճամփա են ընկել

Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ'

Օտար հովերի ապտակին հլու,

Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ'

Խորհե՛ն հայերեն,

Ապրե՛ն հայօրեն...

Ե

Հոռետեսության համար չեմ ծնվել

Եվ դեմ եմ հիմար լավատեսության,

Սակայն շատերից մեկն էլ ես' գիտե՛մ.

Դու էիր , որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր,

Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար:

Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր,

Որ եթե մի օր – աստվա՜ծ չարասցե –

Գտած հնարըդ դառնա գործազուրկ,

Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած,

Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի:

Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով'

Չունեցար որդի,

Ճիշտ է առավել,

Որ զավակի տեղ ժառանգներ ունես'

Սերունդ ու սերուցք,

Որոնք անըստգյուտ գյուտովդ գիտեն,

Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...

Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ,

Քանզի արթուն ես մեր հոգիներում:

Չէ՞ որ ինչ- որ տեղ փոքրերս ու Մեծըդ

Հավասարվում ենք, դառնում աջակից.

- Դու ... գործն ես արել,

- Մենք ... հանձն ենք առել ...

 

Պարույր Սևակ


Теги: армянские стихи, армянские стихи на армянском языке, Паруйр Севак, Paruyr Sevak, Պարույր Սևակ

 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru
2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.