Ես չիմացա, թե ինչու՞,
Դու չիմացար, թե ինչպե՞ս
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպե՞ս,
Դու չիմացար, թե ինչու՞:
Դու չիմացար, թե ինչպե՞ս,
Ես չիմացա, թե ինչու՞
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:
Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպե՞ս,
Դու չիմացար, թե ինչու՞:
Խառնվեցին երկու <<ես>>
Ու դարձան մեկ՝ <<ես ու դու>>,
Դու չիմացար, թե ինչպե՞ս,
Ես չիմացա, թե ինչու՞:
Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա - ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու՞,
Ես չիմացա, թե ինչպե՞ս:
Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու՞,
Եվ չիմացանք, թե ինչպե՞ս: