Регистрация   Обратная связь   RSS
 

«    Декабрь 2014    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

 

Популярное

 

Облако тегов

Avetik Isahakyan, Daniel Varujan, Exishe Charenc, Grigor Zohrap, Paruyr Sevak, Siamanto, Silva Kaputikyan, Vahan Teryan, Xazaros Axayan, Аветик Исаакян, Ваан Терян, Григор Зорап, Даниел Варужан, Егише Чаренц, Ованес Туманян, Ованес Шираз, Паруйр Севак, Рассказы, Силва Капутикян, Хазарос Ахаян, армянские сказки, армянские стихи, армянские стихи на армянском языке, тексты армянских песен, Ավետիք Իսահակյան, Գրիգոր Զոհրապ, Գևորգ Էմին, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ, Ղազարոս Աղայան, Ներսես Շնորհալի, Պարույր Սևակ, Ռաֆայել Պատկանյան, Սիամանթո, Սիլվա Կապուտիկյան, Վահան Տերյան

Показать все теги

Իմ Երազը

Արագածի ստվերը ընկել էր իր լանջերին բլուրների ու դաշտերի վրա, և անուշ հովը շվշվում էր ձորերի միջով, վայրի վարդենիների ու մացառների միջով… Ես երկար թափառանքից հետո հանգչում էի մի վիթխարի ժայռի տակ, դալարի վերա. ժայռի տակից, դալարի միջով անցնում լեռնային ուղխըփրփրադեզ գետակը. անցնում էր շառաչելով ու քչքչալով և երգում էր - նա երգում էր այն լեռնագագաթների լազուրի մասին, որոնց գագաթից գահավիժել էր, այն մռայլ ժայռերի մասին, որոնց կուրծքը ծեծել էր, և այն լեռնադաշտերի մասին, որոնց ծաղկավառ սեզը համբուրել ու անցել էր…

 

Ես հոգնած էի, շատ հոգնած, - սիրտս անուշ թախծում էր ու առանց խոսքերի երգում. իմ վերևում, շքեղ կապույտում ճախրում էին թռչունները, իրար ձայն տալիս ու սիրուց ձայն առնում. ծաղիկների մեղրածոր բողբոջներից լեռնային մաքուր զեփյուռը բերում էր ինձ արբեցուցիչ բուրմունք և գուրգուրում էր արևառ ճակատս, երազուն ճակատս, իսկ գետակը օրորում էր ինձ և երկնահասակ սեզը ծածկում էր ինձ…

 

Եվ ես քուն մտա… ՈՒ երազ տեսա. դարձյալ նույն Արագածի մայրախնամ թևերի տակ, բայց երկնային լազուրը ավելի հոգեթրթիռ էր և խորը, իսկ Արագածը ադամանդի թագի պես շողշողում էր գլխուս վերա. ծաղիկները՝ խելագարության հասած, բազմերանգությամբ վառում ու ժպտում էին մանկական աղջիկների պես, իսկ զեփյուռը բուրում էր երկնքից, աստղերի, այդ իրկնային ծաղիկների կրծքից, և փայլում էր գետակը, կայլակում էր ու առաջ թռվռում և երգում էր այն լեռնագագաթների պերճ լազուրի մասին, որտեղից թռչել էր, այն փերիների մասին, որոնք իր գրկում լողացել էին և այն աստղերի մասին, որոնց հետ իր ջրերում խաղացել էր…

 

Ես հանգչում էի թավշա վարդերի վերա… և ահա’, արշավեցին ինձ մոտ մարալների ու եղնիկների երամակներ, և ահա թռան դեպի ինձ ոսկեթև ու ծիածանաթև հավքերի երամները՝ անուշ երգելով. քաղցրաձայն հնչեց օդը, արբած երկնքի ծաղիկների բուրմունքով… Իսկ նրանց հետևից ամենաթեթև, արծաթյա - մաքուր ամպիկների վերա, որպես փղոսկրյա ջահի վերա, բազմած երևաց մի չքնաղ կույս, մի գեղեցկուհի, գուցե մի դիցուհի - նա երկնքից էր իջնում…

 

Ես ապշած նայում էի նրան, հոգիս երկյուղած և սարսուռ պաշարած. այդպսի գեղեցկություն ոչ մի երկրային աչքեր չեն տեսել և դեռ ոչ մի մահկանացու այդպիսի գեղեցկություն չի երազել. նա մատեցավ ինձ իմ բարձրում և քնքշորեն նայեց ինձ. նրա աչքերը հոգիս լցրին մաքրությամբ և պաշտամունքով. ես երկյուղած ողջունեցի նրան:

 

Նա ասաց ինձ. - Դու ճանաչում ես ինձ: - Նրա ձայնը վեհ էր և քաղցր. եթերային երգ էր այն:

 

Ես պատասխանեցի ամենախանարհ ձայնով. - “ Ո’վ դիցուհի, ես քեզ երբեք արժանի չեմ եղել տեսնելու ոչ կյանքում, ոչ երազում. և ինչպես կարող է ինձ պես մի հողածին աչքերով տեսնել քեզ, ով աստվածային ոգի. դու գեղեցիկ ես, ինչպես բանաստեղծություն, և խորն ես, ինչպես երաժշտություն, ես քեզ պաշտում եմ ”…

 

- Ինչ կուզեիր դու ինձնից, ասա, ես կկատարեմ քո իղձը… - ասաց նա:

 

- Ոչինչ չեմ ուզում, քո առաջ հանգչում են ամենայն իղձերը, ասացի ես, բայց միայն եղիր դու այդպես բարձր ու վսեմ, մաքուր ու սուրբ - և իմ հոգու վերև. ես չեմ հանդգնում քեզ սիրել. դու իմ կյանքն ես, դու ներշնչում ես ինձ ուժ և դյուցազնություն. իմ վեհություն, ցնորքը դու ես իմ երկնքում. և թող որոնեմ ու սիրեմ միայն քո ստվերը կյանքում:

 

- Այդքանով գոհ ես ուրեմն. և թող լինեմ քո ցնորքը. վե’ր կաց ու վորոնիր իմ ստվերը կյանքի մեջ և սիրիր… այսպես ասաց նա և մեղմորեն մոտեցավ ինձ. աստվածային ձեռքով շոյեց խանդավառ ճակատս ու դրեց կրծքիս վերա մի փունջ ծաղիկներ՝ երկնային դաշտերից քաղած, որոնք ցերեկը բուրում էին, իսկ գիշերը՝ ցոլում. և հեռացավ՝ վերացավ վե~ր, վե~ր, հեռո~ւ, հեռո~ւ…

 

Եվ ես զարթնեցի… զարթնեցի, ու մի վայրկյանում աչքից հեռացան մարալների ու եղնիկների երամակները, հավքերի երամները, երփներանգ ծաղիկները, իսկ գետակը դարձյալ քչքչում էր ու երգում այն լեռնագագաթների մասին, որոնց կուրծքը բախել էր և այն արոտների մասին, որոնց սեզը համբուրել էր:

 

Ես վեր կացա, սթափվեցա և երազովս վառված իջա լեռնալանջերից դեպի ժողովուրդը, շրջեցի գյուղերն ու քաղաքները՝ կյանքի մեջ որոնելու իմ շքեղ ցնորքի ստվերը. շատ շրջեցի, հոգնեցի ու նորից շրջեցի և ահա մի օր պատահեցի մի նազելի կույսի… - Այն մի երջանիկ ու պայծառ օր էր… ախ, նա նման էր իմ երկնային ցնորքին, - այդպես թվաց ինձ. թվաց ինձ, թե նա իմ ցնորքի ստվերն է կյանքի մեջ, և նրան պաշտեցի սիրելով միայն մի օր… Ես բացեցի սիրտս նրա առաջ, հոգնած թևերս փռեցի նրա առաջ և լացակումած ասացի… “ Դո’ւ ես իմ եթերային ցնորքի ստվերը. դու սուրբ ես, անբիծ ես, դու մաքրում ես ինձ ու սիրտս բյուրեղացնում. եղի’ր իմ սերը տգեղ կյանքիս մեջ… ՈՒրիշ ոչինչ չեմ ուզում քեզնից… Արդյոք հասկանում ես դու ինձ…”:

 

Այդպես ասացի ես, որովհետև ինձ թվաց, թե նա իմ ցնորքի մարմնացումն է իմ կյանքի մեջ. երազային դիցուհուս ստվերը աշխարհիս վրա. այնպես գեղեցիկ ու պանծալի էր նրա հայացքը, և ձայնը հոգեթրթիռ և ինքը այնպես արքայակա~ն, վսե~մ…

 

Իսկ նա նայեց ինձ, արհամարանքով ծիծաղեց, նայեց հոգնած հայացքիս և գոռոզաբար ասաց.

 

“Ես քեզ չեմ հասկանում, որովհետև դու ինքտ քեզ չես հասսկանում, ինչեր ես ասում ինձ. ես արհամարում եմ քեզ”, այդպես ասաց նա ինձ և կոխելով բացած սիրտս՝ հեռացավ և մի քայլ չանցած ընկավ ոսկե-ավանակի գիրկը:

 

Իսկ ես տխուր երգեցի նրա ետևից՝

…Դու աղբյուրի պես կարկաչում էի

Իմ անուրջների շքեղ աշխարհում.

Վարդի բուրմունքով վառ գարուն էիր,

Աստղերի սրտից ծորած սուրբ հնչյուն.

Ես քեզ սիրեցի, ստվեր սիրեցի,

Բայց դու չհասկացար իմ անհուն Ոգին,

Ով գեղահրաշ մարմարյա անդրի,

Դու հոգու պատրանք անդրաշխարհային:

 

Ես այսպես, արյունոտ սրտով, երազը հոգումս շրջում եմ մարդկանց մեջ՝ որոնելով գոնե ցնորքիս ստվերը աշխարհի մեջ. հազար անգամ եմ խաբվել ու արհամարհվել, բայց որոնում եմ ու չեմ գտնում, չեմ գտնում ու նորից որոնում եմ. և ամեն հիասթափումին փշրվում է սիրտս և ամեն անգամ փշրված սրտիս ամեն մի բեկոր նորից փշո’ւր - փշո’ւր է լինում, ու լալիս եմ դառնապես՝ առանց արցունքի…

 

Բայց ինչ… Ես պիտի նորից դեգերեմ

Բախելու կարծր սրտերը մարդկանց.

Ո'չ… Մարգարեի ես Ոգի ունեմ,

Կթռնիմ խրոխտ բարձունքը խոկման.

Եվ արծիվի պես կապրեմ մեկուսի

Աշխարհի երգից ու սիրուց թափուր…

-Ով կհասկանա տենչերս երկնի

Եվ ցնորքներս ճոխ, ոսկեփրփո~ւր..

 

Ավետիք Իսահակյան


Теги: Рассказы, Ավետիք Իսահակյան

 

 

 
Rambler's Top100 Рейтинг@Mail.ru
2007-2011 © Hayreniq.ru Все права защищены. При использовании материалов Hayreniq.ru ссылка на ресурс обязательна.